Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Հայոց ցեղասպանությունը 1914-1918թթ.

 Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության մյուս բռնազավթված նահանգների հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու բնաջնջումը 1914-1918թթ. Հայոց ցեղասպանության ամենամեծ ալիքն էր` Հայոց Մեծ Եղեռնը, որը կազմակերպեցին և իրականացրին Թուրքիայի կառավարող շրջանակները` երիտթուրքերը Առաջին համաշխարհային պատերազմի քողի ներքո: 

 

Հայերի ցեղասպանության թուրքական քաղաքականությունը պայմանավորված Էր մի շարք գործոններով, որոնց մեջ առաջատար նշանակություն ուներ պանիսլամիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, որը XIX դ. կեսից դավանում Էին

Հայ տարեգիրների գանգեր 1915-16թթ.

Օսմանյան կայսրության կառավարող շրջանները: Պանիսլամիզմի մարտաշունչ գաղափարախոսությունն առանձնանում Էր ոչ մահմեդականների նկատմամբ անհանդուրժողականությամբ, քարոզում Էր բացահայտ ազգայնամոլություն, բոլոր ոչ թուրք ժոդովուրդների թուրքացման կոչ անում: Մտնելով պատերազմի մեջ՝ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը «Մեծ Թուրան» ստեղծելու հեռուն գնացող ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը միացնել Անդրկովկասը, Հս. Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը, Պովոլժիեն: Եվ այդ նպատակի իրականացման ճանապարհին նվաճողներին հարկ կլիներ ոչնչացնել նախ և առաջ հայ ժողովրղին, որն ուներ ռուսական կողմնորոշում և հակադրվում Էր պանթյուրքիստների զավթողական ծրագրերին: Հայ Ժողովրդի ոչնչացման ծրագրերը երիտթուրքերը սկսել Էին մշակել տակավին մինչև համաշխարհային պատերազմը: Եվ արդեն «Միություն և առաջադիմություն» կուսակցության 1911-ի Սալոնիկի համագումարի որոշումներում կայսրության ոչ թուրք ժողովուրդների բռնի թուրքացման պահանջ կար: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի քաղաքական և ռազմական շրջանները հանգեցին կայսրության հայ բնակչության գլխովին ոչնչացման գաղափարին: 1914-ի սկզբին տեղական իշխանություններին ուղարկվել Է հայերի նկատմամբ գործադրվելիք միջոցառումների հատուկ հրահանգ: Եվ հենց այն փաստը, որ հրահանգն ուղարկվել է մինչև պատերազմի սկիզբը, անհերքելիորեն վկայում Է, որ հայերի ոչնչացումը ծրագրավորված քայլ Էր և թելադրված չէր կոնկրետ պատերազմի իրադրությամբ: 1914-ի հոկտեմբերին ներքին գործերի նախարար Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցությունում կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե», որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության կոտորածը: Նրա կազմում ընդգրկվել են երիտթուրքական պարագլուխներ Նազիմը, Բեհաէդդին Շաքիրը և Շյուքրին: Հղանալով այդ հրեշավոր ոճիրը՝ երիտթուրքերի ղեկավարները համոզված էին, որ պատերազմը հարմար առիթ է դրա իրականացման համար: Նազիմը ուղղակի հայտարարում էր, որ նման հարմար առիթ կարող է այլևս չներկայանալ, որ «մեծ տերությունների միջամտությունն ու թերթերի բողոքները որևէ հետևանք չեն ունենա, քանի որ նրանք կհայտնվեն կատարված փաստի առջև, և այդպիսով հարցը կլուծվի... Մեր գործողությունները պետք է ուղղվեն հայերի ոչնչացմանը այն հաշվով, որպեսզի նրանցից ոչ մեկը ողջ չմնա»:
Ձեռնարկելով հայ բնակչության բնաջնջումը՝ Թուրքիայի կառավարող շրջանները հետապնդում էին մի քանի նպատակ, վերացնել Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտությանը Թուրքիայի գործերին. թուրքերը կձերբազատվեին տնտեսական մրցակցությունից, և նրանց կանցներ հայերի ամբողջ ունեցվածքը, ուղի կհարթվեր դեպի Կովկասի զավթումը, դեպի «թուրանականության վեհ գաղափարի» իրականացումը: «Երեքի գործադիր կոմիտեն» ստացավ մեծ լիազորություններ, զենք, դրամ: Իշխանությունները սկսեցին կազմակերպել հատուկ ջոկատներ (տես «Թեշքիլաթը մահսուսե»)՝ հիմնականում բաղկացած բանտերից ազատված հանցագործներից ու այլ քրեական տարրերից, որոնք պետք է մասնակցեին հայերի զանգվածային ջարդերին:
Ցեղասպանության զոհերՊատերազմի առաջին իսկ օրից Թուրքիայում սկիզբ առավ հակահայկական անզուսպ քարոզչություն: Թուրք ժողովրդին ներշնչվում էր այն միտքը, թե հայերը չեն ուզում ծառայել թուրքական բանակում, թե նրանք պատրաստ են համագործակցել թշնամու հետ: Կեղծ լուրեր էին տարածվում հայ զինվորների զանգվածային դասալքության, հայերի ապստամբությունների մասին, որոնք սպառնում էին թուրքական բանակի թիկունքին: Հայերի դեմ ուղղված այդ սանձարձակ ազգայնամոլական քարոզչությունը հատկապես ուժեղացավ Կովկասյան ճակատում թուրքական զորքերի առաջին լուրջ պարտություններից հետո: 1915-ի փետրվարին  ռազմական նախարար էնվերը հրաման տվեց թուրքական բանակում ծառայող հայ զինվորների ոչնչացման մասին (պատերազմի սկզբին թուրքական բանակ էր զորակոչվել 18-45 տարեկան մոտ 60 հզ. հայ, այսինքն՝ բնակչության առավել մարտունակ մասը): Այդ հրամանն ի կատար ածվեց անօրինակ դաժանությամբ:

Շուտով հարված ստացավ նաև հայ մտավորականությունը: Ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կ. Պոլսում ձերբակալվեցին և Անատոլիայի խորքերն աքսորվեցին մոտ 800 հոգի՝ գրողներ, լրագրողներ, բժիշկներ, գիտնականներ, հոգևորականներ. այդ թվում՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ: Ձերբակալվածներին առանց դատ ու դատաստանի քշում էին աքսոր, նրանց մի մասը զոհվեց աքսորի ճանապարհին, մյուսը՝ տեղ հասնելուն պես: Ցեղասպանության զոհ դարձան գրողներ Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, Ռուբեն Սևակը, Արտաշես Հարությունյանը, Թլկատինցին, Երուխանը, Տիգրան Չյոկյուրյանը, Սմբատ Բյուրատը, հրապարակախոսներ ու խմբագիրներ Նազարեթ Տադավարյանը, Տիրան Քելեկյանը, Գագիկ Օզանյանը և ուր.: Աքսորյալների մեջ էր նաև հայ մեծ երգահան Կոմիտասը, որը, չդիմանալով հոգեկան ծանր ապրումներին, խելագարվեց. շնորհիվ ազդեցիկ միջամտության նա վերադարձվեց Կ. Պոլիս՝ հոգեբուժարան, իսկ ապա՝ Փարիզ, որտեղ և վախճանվեց: 1915-ի հունիսին Կ. Պոլսի հրապարակներից մեկում կախաղան բարձրացվեցին հնչակյան կուսակցության անդամ 20 նշանավոր մտավորականներ: Կ. Պոլսի հայ մտավորականության ոչնչացմամբ թուրք իշխանությունները փաստորեն գլխատեցին Թուրքիայի հայ բնակչությունը: 1915-ի մայիս-հունիսին սկսվեց Արևմտյան Հայաստանի (Վանի, էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգներ), Կիլիկիայի, Արմ. Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու կոտորածը: Հայ բնակչության տեղահանությունն արդեն հետապնդում էր նրա ոչնչացման նպատակ:

Թուրքիայում ԱՄՆ-ի դերպան Հ. Մորգենթաուն նշում էր. «Տեղահանության1919թ., Մարաշ իսկական նպատակը կողոպուտն ու ոչնչացումն էր: Դա իրոք կոտորածի նոր մեթոդ է: Երբ թուրքական իշխանությունները հրաման էին տալիս այդ արտաքսումների վերաբերյալ, նրանք փաստորեն մահվան դատավճիռ էին արձակում մի ամբողջ ազգի նկատմամբ, նրանք դա հիանալիորեն հասկանում էին և ինձ հետ զրուցելիս առանձնապես չէին փորձում թաքցնել այդ փաստը» («Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում». 1991, էջ XI): Տեղահանության իսկական նպատակները հայտնի էին նաև Գերմանիային՝ Թուրքիայի դաշնակցին: Թուրքիայում Գերմանիայի դեսպան Հ. Վանգենհայմը 1915-ի հուլիսին իր կառավարությանը հայտնում էր, որ եթե սկզբում հայ բնակչության արտաքսումը սահմանափակվում էր Կովկասյան ճակատին հարող նահանգներով, ապա այնուհետև թուրքական իշխանություններն այդ գործողությունները տարածեցին նաև երկրի այն մասերի վրա, ուր հակառակորդի ներխուժում չէր սպառնում: Այդ գործողությունները, տեղահանության իրականացման եղանակը, եզրափակում էր դեսպանը, վկայում են այն մասին, որ թուրք. կառավարությունը հետամուտ է հայ բնակչության ոչնչացմանը թուրքական պետության ներսում: Տեղահանությանը նույնպիսի գնահատական էին տալիս նաև Թուրքիայի նահանգներում գտնվող գերմ. հյուպատոսները: 1915-ի հուլիսին Սամսունի գերմանական փոխհյուպատոսը հայտնում էր, որ Անատոլիայի վիլայեթներում իրականացվող տեղահանությունը նպատակ ունի կամ ոչնչացնել, կամ էլ բռնի մահմեդականացնել ամբողջ հայ ժողովրդին: Տրապիզոնի գերմ. հյուպատոսը այդ նույն ժամանակ հայտնում էր վիլայեթի հայության տեղահանության մասին և մատնանշում, որ երիտթուրքերը հայտնաբար ուզում են այդ միջոցներով վերջ դնել Հայկական հարցին:
Իրենց մշտական բնակության վայրերից տեղահանվող հայերը կարավաններով ուղարկվում էին կայսրության խորքերը, Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվում էին հատուկ ճամբարներ: Հայերը ոչնչացվում էին ինչպես իրենց մշտական բնակության վայրերում, այնպես էւ աքսորի ճանապարհին: Նրանց կարավանները ենթարկվում էին թուրքական խուժանի և քրդական ավազակախմբերի հարձակումներին, որի հետևանքով տեղ էր հասնում դժբախտ տարագրյալների մի չնչին մասը միայն: Շատ անգամ Միջագետքի անապատներ հասած աքսորականներին նույնպես հազարներով հանում էին ճամբարներից և կոտորում ավազուտներում: Մյուս կողմից՝ հարյուր հազարավոր մարդիկ զոհ էին գնում սովին, հիվանդություններին և համաճարակներին: Թուրք ջարդարարների գործողություններն աչքի էին ընկնում անօրինակ դաժանությամբ: Այդ էին պահանջում երիտթուրքերի պարագլուխները: Այսպես, ներքին գործերի նախարար Թալեաթը Հալեպի նահանգապետին ուղարկած գաղտնի հեռագրում պահանջում էր վերջ տալ հայերի գոյությանը. ուշադրություն չդարձնել ոչ սեռին, ոչ էլ խղճի խայթին: Եվ այդ պահանջը կատարվում էր անշեղորեն: Իրադարձությունների ականատես հայերը, որոնք ապրել են տեղահանությունն ու ցեղասպանությունը, թողել են հայ բնակչությանը բաժին ընկած այդ ահավոր տառապանքների բազմաթիվ նկարագրություններ: Անգլիական «Թայմս» թերթի թղթակիցը 1915-ի սեպտեմբերին հայտնում էր. «Սամսունից ու Տրապիզոնից, Օրդուից ու Այնթապից, Մարաշից ու էրզրումից միևնույն տեղեկություններն են գալիս այդ 1909թ, Ադանա, հայ փախստականներգազանությունների մասին, տղամարդկանց մասին, որոնց անողոքաբար գնդակահարել են, խաչել, խեղել կամ տարել աշխատանքային գումարտակներ, երեխաների մասին, որոնց առևանգել են և բռնի մահմեդականացրել, կանանց մասին, որոնց բռնաբարել են և ստրկության վաճառել խոր թիկունքում, գնդակահարել տեղում կամ երեխաների հետ աքսորել անապատ՝ Մոսուլից արևմուտք, որտեղ ոչ ուտելիք կա, ոչ ջուր... Այդ դժբախտ զոհերից շատերը չեն հասել մինչև նշանակված վայրը...» (նույն տեղում, էջ 442-443): Թուրք, բանակի համար Երզնկայից Էրզրում ուղտերով զենք փոխադրող մի պարսիկ վկայում է. «Մի անգամ 1915 հունիսի մեջ, երբ եկա Խոթուրի կամուրջին մոտ. մի ահռելի տեսարան ներկայացավ իմ աչքերուս: Անթիվ-անհամար մարդու դիակներ մեծ կամուրջին 12 կամարները լեցուցած էին, դեմ էին առած, և ջուրը իր ընթացքը փոխած կամուրջեն անդին կվազեր... Սակայն կամուրջեն մինչև ճինիս ամբողջ ճանապարհը լեցուն էր դիակներով. ծերեր, կիներ, երեխաներ...» (նույն տեղում, էջ 376): 1916-ի հոկտ «Կավկազսկոյե սլովո» թերթում հրատարակվեց մի թղթակցություն Բասկան գյուղի (Վարդոյի հովիտ) հայերի կոտորածի մասին, հեղինակը բերում էր ականատեսի պատմածը. «...Մենք տեսանք, թե ինչպես դժբախտներից նախ պլոկեցին բոլոր թանկարժեք իրերը, ապա հանեցին շորերը, և ոմանց տեղնուտեղն սպանեցին, իսկ ոմանց էլ տարան ճանապարհից դուրս, խուլ անկյունները, և այնտեղ վերջ տվին: Մենք տեսանք երեք կանանցից բաղկացած մի խմբի, նրանք մահվան սարսափով բռնված՝ գրկեցին միմյանց: Եվ նրանց արդեն անհնար էր անջատել, բաժանել: Բոլոր երեքին էլ սպանեցին... Անասելի ողբ ու կական էր բռնել սար ու ձորը, փշաքաղվում էինք, արյունը սառում էր մեր երակներում ...» (նույն տեղում, էջ 454-55): Բարբարոսական ոչնչացման ենթարկվեց նաև Կիլիկիայի հայ բնակչության մեծ մասը:
Հայերի կոտորածը շարունակվեց նաև հետագա տարիներին: Ոչնչացվեցին հազարավոր հայեր Ռաս ուլ Այնի, Դեյր էզ Զորի և այլ ճամբարներում: Երիտթուրքերը ձգտում էին հայերի ջարդ կազմակերպել նաև Արևելյան Հայաստանում. որտեղ տեղի բնակչությունից զատ կուտակվել էին հազարավոր փախստականներ Արևմտյան Հայաստանից: 1916-ին արշավանք սանձազերծելով Անդրկովկասի դեմ (տես Թուրքական արշավանք Անդրկովկաս 1918), թուրքական զորքերը հայերի ջարդեր ու կոտորածներ կազմակերպեցին Արևելյան Հայաստանի և Ադրբեջանի շատ վայրերում: 1918-ի սեպտեմբերին գրավելով Բաքուն՝ թուրք  նվաճողները ադրբեջանական ազգայնականների հետ կազմակերպեցին տեղի հայ բնակչության կոտորած: 1918-ի հոկտեմբերին «Կավկազսկոյե սլովո» թերթում լույս տեսավ Բաքվի հայերի կոտորածի ականատես մի բժշկի հոդվածը, որտեղ ասված էր. « Կիրակի՝ սեպտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 9-ին թուրքերը սարերի կողմից ներխուժեցին մեզ մոտ... Սկսած Շամախինկայից Վորոնցովսկայայով և քաղաքի մյուս գլխավոր զարկերակներով՝ Տորգովայայով, Տելեֆոննայայով, համատարած կողոպուտ էր մինչև վերջին թելը, կայքի, փորձարանների, բուժասենյակների, դեղատների, խանութների, բնակարանների բարբարոսական ոչնչացում... Սպանում էին գրեթե միայն հայերին... Ընդհանուր հաշվով հայերից զոհվեց շուրջ 30 հազար մարդ... Քաղաքով մեկ փռված էին հայերի դիակները, որոնք քայքայվում էին մի քանի օր, մինչև որ հավաքեցին: Միխայլովյան հիվանդանոցը լեփ-լեցուն էր բռնաբարված աղջիկներով ու կանանցով: Բոլոր զինվորական հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավոր հայերով... Վայրենիների տերուտնօրինությունը շարունակվեց երեք օր, որոնց «առաքելությունն» էր թալանել ու սպանել հայերին...» (նույն տեղում. Էջ 620-621):
1920-ի Թուրքական արշավանքի ընթացքում թուրքական զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլը: Ալեքսանդրապոլում և գավառի գյուղերում թուրքական զավթիչները դիմում էինԱքսոր գազանությունների, ոչնչացնում խաղաղ հայ բնակչությանը, կողոպտում ունեցվածքը: Հայաստանի Հեղկոմում ստացված մի զեկուցագրում ասված Էր. «Ալեքսանդրապոլի գավառում և Ախալքալաքի շրջանում սրի Է քաշվել մոտ 30 գյուղ, փրկվածների մի մասը գտնվում է ամենաթշվառ դրության մեջ»: Այլ հաղորդագրություններում նկարագրվում Է Ալեքսանդրապոլի գավառի գյուղերի վիճակը. «Բոլոր գյուղերը թալանված են. չկա ոչ մալ, ոչ հացահատիկ, ոչ հագնելիք, ոչ վառելիք: Գյուղերի փողոցները լցված են դիակներով, պակասը լրացնելու գալիս են քաղցն ու ցուրտը ու մեկը մյուսի հետևից տանում զոհեր ու զոհեր... Դրան ավելացրած՝ ասկյարներն ու խուժանը ծաղրում են իրենց գերիներին և աշխատում են ավելի սոսկալի ձևով պատժել ժողովրդին ու նորից իրենց բավարարված չհամարելով, զվարճանում են. ենթարկում են զանազան տանջանքների, ծնողներին ստիպում են դահիճների ձեռքը տալ իրենց 8-9 տարեկան աղջիկներին...»: 1921-ի հունվարին Խորհրդային Հայաստանի կառավարությունը Թուրքիայի արտգործկոմիսարին բողոքում Էր, որ թուրքական զորքերը Ալեքսանդրապոլի գավառում «անընդհատ բռնություններ, կողոպուտ և սպանություններ են կատարում խաղաղ աշխատավոր բնակչության նկատմամբ...» («Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում», փաստաթղթերի ժող., 1960. Էջ 438, 447, 455): Թուրք, զավթիչների վայրագություններին զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր: Զավթիչները Ալեքսանդրապոլի գավառին պատճառեցին նաև վիթխարի նյութական վնաս:

1918-20-ին հայ բնակչության ջարդերի և կոտորածների ասպարեզ դարձավ Ղարաբաղի կենտրոն Շուշին. 1918-ի սեպտ. 25-ին թուրքական զորքերը ադրբեջանական մուսավաթականների աջակցությամբ գրավեցին Շուշին, բայց շուտով, Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո, ստիպված թողեցին այն: 1918-ի դեկտեմբերին Շուշի մտան անգլիացիները: Ղարաբաղի գեն-նահանգապետ նշանակվեց մուսավաթական Խոսրով-բեկ Սուլթանովը: Թուրքական զինվորական հրահանգիչների օգնությամբ նա ստեղծեց քրդական հարվածային ջոկատներ. որոնք մուսավաթական զորամասերի հետ տեղավորվեցին Շուշիի հայկական մասում: Ջարդարարների ուժերը մշտապես համալրվում Էին, քաղաքում կային բազմաթիվ թուրքական սպաներ: 1919-ի հունիսին տեղի ունեցան Շուշիի հայերի առաջին ջարդերը, հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի քաշվեց ավելի քան 500 հայ: 1920-ի մարտի 23-ին թուրք-մուսավաթական ավազակախմբերը կազմակերպեցին Շուշիի հայերի սարսափելի կոտորած, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ. մարդ, հրի մատնվեց քաղաքի հայկական մասը:
1915-16-ին եղեռնից մազապուրծ Կիլիկիայի հայերը, որոնք ապաստան Էին գտել արաբական երկրներում, Թուրքիայի պարտությունից հետո սկսեցին վերադառնալ հայրենիք: Ըստ դաշնակիցների միջև կայացած համաձայնության (տես Սայքս-Պիկոյի համաձայնագիր 1916), Կիլիկիան մտնում Էր Ֆրանսիայի ազդեցության գոտու մեջ:
1919թ-ին Կիլիկիայում ապրում Էր 120-130 հզ. հայ., որը 1920-ին հասավ 160 հզ-ի: Կիլիկիայում տեղաբաշխված ֆրանսիական զորքերի հրամանատարությունը միջոցներ չձեռնարկեց՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը, իսկ տեղերում պահպանվել Էին թուրքական իշխանությունները, մահմեդականները չէին զինաթափվել: Դրանից օգտվեցին քեմալականնեը՝ բռնություններ սկսելով հայերի դեմ: 1920-ի հունվարին 20 օրվա մարտերի ընթացքում Մարաշում զոհվեց 11 հզ. հայ, մնացածներն անցան Սիրիա: Շուտով թուրքերը պաշարեցին Հաճընը, որտեղ կար 6 հզ. հայ: Հաճընի հայերը 7 ամիս համառորեն դիմադրեցին թուրքական զորքերին (տե՛ս Հաճընի ինքնապաշտպանություն 1920), բայց հոկտեմբերին, թշնամուն հաջողվեց գրավել քաղաքը:
1919թ.-ի սկզբիս Հալեպ հասան Ուրֆայի հայության մնացորդները՝ մոտ 6 հզ. մարդ: 1920-ի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարեցին Այնթապը: Շնորհիվ 15-օրյա հերոսական պաշտպանության (տե՛ս Այնթապի ինքնապաշտպանություն 1920-21) այնթապցիները խուսափեցին կոտորածից: Բայց, երբ ֆրանսիական զորքերը թողեցին Կիլիկիան, Այնթապի հայերը ստիպված 1921-ի վերջին հեռացան, անցան Սիրիա: 1920-ին քեմալականները ոչնչացրին Զեյթունում մնացած հայերին: Այդպիսով քեմալականներն ավարտեցին Կիլիկիայի հայ բնակչության ոչնչացման երիտթուրքական գործը: Հայերի ցեղասպանության վերջին արարը հույն-թուրքական պատերազմի (1919-22) ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արևմտյան շրջաններում: 1921-ի օգոստ-սեպտեմբերին թուրք զորքերը բեկում մտցրին պատերազմի մեջ և ընդհանուր հարձակման անցան հունական զորքերի դեմ: 1922-ի սեպտեմբերի 9-ին թուրքերը մտան Իզմիր և տեղի հայերի ու հույների ջարդ կազմակերպեցին, խորտակեցին Իզմիրի նավահանգներում կանգնած հայ և հույն փախստականներով բեռնված նավերը (տես Ձմյուռնիայի աղետ 1922):
Մուսա լեռ: Հայ փախստականների վրաններ:Թուրքական իշխանությունների կողմից իրականացված հայերի ցեղասպանության հետևաքով զոհվեց 1,5 մլն մարդ: Մոտ 600 հզ. հայեր գաղթական դարձան, նրանք ցրվեցին աշխարհի շատ երկրներում համալրելով արդեն եղած համայնքները և կազմելով նորերը: Ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից: Երիտթուրքական պարագլուխները չէին թաքցնում իրենց գոհունակությունը այդ ոճրագործության իրականացման առթիվ. Թուրքիայում հավատարմագրված գերմանական դիվանագետներն իրենց կառավարությանը հայտնում էին, որ արդեն 1915-ի օգոստոսին ներքին գործերի նախարար Թալեաթը լկտիաբար հայտարարում էր, թե «հայերի նկատմամբ գործողությունները հիմնականում իրականացված են և Հայկական հարց այլևս գոյություն չունի»:
 
Համեմատական այն դյուրությունը, որով թուրք ջարդարարներին հաջողվեց իրականացնել Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանությունը, բացատրվում է մասամբ հայ բնակչության, ինչպես նաև հայ քաղաքական կուսակցությունների անպատրաստությամբ բնաջնջման հարաճուն սպառնալիքին: Ջարդարարների գործողությունները հեշտացան նաև հայ բնակչության առավել մարտունակ մասի՝ տղամարդկանց զորահավաքով, ինչպես նաև Կ. Պոլսի մտավորականության վերացմամբ: Որոշակի դեր խաղաց նաև տեղահանության հրամանին ենթարկվելը, արևմտահայության որոշ հասարակական և կղերական շրջանների կարծիքով, չենթարկվելը սոսկ կավելացներ զոհերի թիվը:
Սակայն որոշ տեղերում հայ բնակչությունը հերոսական դիմադրություն ցույց տվեց թուրք ջարդարարներին: Վանի հայերը, դիմելով ինքնապաշտպանության, հաջողությամբ հետ մղեցին թշնամու գրոհները, քաղաքը իրենց ձեռքում պահեցին մինչև ռուսական զորքերի և հայ կամավորականների մոտենալը (տես Վանի հերոսամարտ 1915): Հակառակորդի բազմակի գերակշիռ ուժերին զինված դիմադրություն ցույց տվեցին Շապին Գարահիսարի, Մուշի, Սասունի , Շատախի հայերը (տես Շապին Գարահիսարի ինքնապաշտպանություն 1915, Մուշի գոյամարտ 1915, Սասունի ինքնապաշտպանություն 1915, Շատախի ինքնապաշտպանություն 1915): Քառասուն օր ու գիշեր շարունակվեց Սասա լեռան պաշտպանների հիրավի դյուցազնամարտը Սուեդիայում (տե՛ս Մուսա լեռան հերոսամարտ 1915, 
«Մուսա լեռան քառասուն օրը», Ֆ. Վերֆել): Հայերի 1915-ի ինքնապաշտպանական կռիվները ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոսական էջերից են և նպաստել են հայ ժողովրդի որոշ հատվածի փրկությանն ու վերապրումին:

Հայերի ցեղասպանությունն իրականացրին Թուրքիայի կառավարող շրջանները: Նրանք էլ հանդիսանամ են այդ հրեշավոր ոճրագործության՝ XX դ. առաջին ցեղասպանության մեղավորները: Իր պատասխանատվությունն է կրում նաև կայզերական Գերմանիայի կառավարությունը, որը ոչ միայն տեղյակ էր նախապատրաստվող ոճրագործությանը, այլև նպաստեց դրա իրագործմանը: Գերմ. իմպերիալիզմի մեղսակցությունը նշել են Գերմանիայի առաջադեմ մտավորականներ Յո. Լեփսիուսը, Ա. Վեգները, Կ. Լիբկնեխտը և ուր.:
Թուրքերի իրականացրած հայերի ցեղասպանությունը վիթխարի վնաս հասցրեց հայ ժողովրդի նյութական և հոգեվոր մշակույթին: 1915-16-ին և հետագա տարիներին ոչնչացվեցին հայկական եկեղեցիներում ու տաճարներում պահվող հազարավոր ձեռագրեր, ավերվեցին հարյուրավոր պատմական ու ճարտարապետական հուշարձաններ, անարգվեցին ժողովրդի սրբությունները: Թուրքիայի տարածքում պատմաճարտարապետական հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի բազմաթիվ մշակութային արժեքների յուրացումը շարունակվում է նաև այժմ (տե՛ս Ազգային-մշակութային եղեռն):
Հայ ժողովրդի ապրած այդ մեծ ողբերգությունը խոր հետք թողեց ժողովրդի կյանքի բոլոր կողմերի և հասարակական վարվեցողության վրա, հաստատուն տեղ գտավ նրաՈւրֆա: Սպանված հայերն ու նրանց փրկված ազգականները: պատմական հիշողության մեջ: Ցեղասպանության ազդեցությունը կրեց ինչպես դրա անմիջական զոհը դարձած սերունդը, այնպես էլ հաջորդ սերունդները (տես Ցեղասպանության հոգեբանական հետևանքները):
Աշխարհի առաջադեմ հանրային կարծիքը դատապարտեց թուրք ջարդարարների (որոնք փորձեցին ոչնչացնել հնագույն քաղաքակիրթ ժողովուրդներից մեկին) չարանենգ հանցագործությունը: Շատ երկրների հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ նշավակեցին ցեղասպանությունը՝ այն բնութագրելով որպես ծանրագույն հանցանք մարդկության դեմ, մասնակցեցին հայ ժողովրդին, հատկապես աշխարհի շատ երկրներում ապաստան գտած փախստականներին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը:
Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրքերի պարագլուխները մեղադրվեցին Թուրքիան կործանարար պատերազմի մեջ ներքաշելու համար և դատի տրվեցին (տե՛ս Երիտթուրքերի դատավարություն 1919-20): Պատերազմի հանցագործներին ներկայացված մեղադրանքների մեջ էր նաև Օսմանյան կայսրության հայերի կոտորածների կազմակերպումն ու իրականացումը: Սակայն երիտթուրքական պարագլուխներից մի քանիսի դատավճիռը կայացվեց հեռակա, քանի որ Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվել էր փախչել երկրից: Նրանցից ոմանց (Թալեաթ, Բեհաէդդին Շաքիր, Ջեմալ, Սայիդ Հալիմ և այլն) դատավճիռը հետագայում ի կատար ածվեց հայ ժողովրդական վրիժառուների ձեռքով (տե՛ս «Նեմեսիս»):
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ցեղասպանությունը որակվեց որպես ծանրագույն հանցագործություն մարդկության դեմ:
Ցեղասպանության մասին իրավական փաստաթղթերի հիմքում դրվեցին Նյուրնբերգի միջազգային զինվորական ատյանի մշակած հիմնական սկզբունքները (տե՛ս Միջազգային զինվորական ատյանի կանոնադրություն 1945): Հետագայում ՄԱԿ-ը ցեղասպանության վերաբերյալ ընդունեց մի շարք որոշումներ, որոնցից հիմնականներն են Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան (1948) և Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի չկիրառման մասին կոնվենցիան, որն ընդունվեց 1968-ին (տե՛ս Միավորված ազգերի կազմակերպությունը և ցեղասպանության հիմնախնդիրը):
1989թ.-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց ցեղասպանության մասին օրենք, որով Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում հայերի ցեղասպանությունը դատապարտվեց՝ որպես մարդկության դեմ ուղղված ոճրագործություն: Գերագույն խորհուրդը դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ խնդրելով ընդունել Թուրքիայում հայերի ցեղասպանությունը դատապարտող որոշում: ՀԽԱՀ Գերագույն խորհրդի 1990-ի օգոստ. 23-ին ընդունած Հայաստանի անկախության մասին հռչակագրում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

 

Տե՛ս ավելին՝ 
«Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, փաստաթղթերի և նյութերի ժող» , Մ. Գ Ներսիսյանի խմբ , Ե., 1991: 

«Հուշամատյան Մեծ եղեռնի 1915-1965», Բեյրութ, 1965: 

«Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթոլրքերի դատավարության փաստաթղթերի», աոաջաբանը, թրգմ. և ծնթգր ս. Հ. Փափազյանի, Ե, 1988: 

«Մեծ ոճիրը», Անտոնյան Մ.,Ե., 1990: 

«Ցեղասպանության պատմությունից», Սահակյան Ռ. ԳԵ., 1990: 

«1915թ. Հայոց ցեղասպանությունը. Պատմության և պատմագրության հարցեր», հոդ ժող., Ե, 1995: 

«Հայոց 1915- 1916թթ ցեղասպանությունը», Մատենագիտություն, Ե. 1995թ. :

Барби А., ,,В стране ужаса. Мученица Армения'', пер. с фанц., Тифлис. 1919:
Саркисян Е. К., ,,Экспансионистская политика Османской империи в Закавказье накануне и в годы первой мировой войны'', Е.,1962
Киракосян Дж. С, ,,Западная Армения в годы первой мировой войны''. Е.. 1971; ,,Германские источники о геноциде армян. Период первой мировой войны'', под ред. С. С. Степаняна. т. I, Е, 1991
,,Русские источники о геноциде армян в османской империи 1915-1916 годы'' (Сб. док. и мат.), вып. 1. Е, 1995.
Toyոbee A, ,,Armenian Atrocities: The Murder of a Nation'', L, 1915; Նույնի, The Murderous Tyranny of the Turks, N. Y., 1975;
Lepsius J., ,,Bericht Uber die Lage des Armenischen Votkes in der Turkei'', Potsdam, 1916
Gibbons H. A, The Blackest Page of Modem History: Events in Armenia in 1915. The Facts and Responsibilities, N. Y„ 1916;
Bryce J. ,,The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915-16'', Beirut, 1972; Morgenthau H, ,,Ambassador Morgenthau's Story'', N. Y.,1975;
Ternon Y„ ,,Les Arme'niens Histoire d'un Ge'nocide, N. Y., 1981
,,A Crime, of Silence the Armenian Genocide: Permanent Peoples Tribunal, ed. by G. Libaridian, L, 1985
,,The Armenian Genocide in Perspective'', ed. by R. Hovannisian. New Brunswick, 1986; Davis L., ,,The Slaughterhouse Province: An American Diplomat's Report on the Armenian Genocide of 1915-1917'', N. Y., 1989.
 

 Աղբյուրը՝

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am