Անդրանիկ (Օզանյան Անդրանիկ Թորոսի) [1865, Շապին Գարահիսար - 1927, Չիկո (Սակրամենտոյի մոտ. ԱՍՆ)], ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար: Սովորել Է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: Զինագործարանի բանվոր է եղել Կ.Պոլսում, ապա աշխատել Ռումինիայում: Վերադառնալով հայրենիք՝ աշխատել է որպես ատաղձագործ, մասնակցել է հասարակական կյանքին: 1891-ին ան-դամագրվել է հնչակյան կուսակցությանը, ապա (հավանաբար մեկ տարի անց)՝ ՀՀԴ կուսակցության անդամ (որից հեռացել է առաջին անգամ 1907-ին, վերականգնվել՝ 1914-ին և երկրորդ անգամ հեռացել 1917-ին, ինչի մասին հայտարարել է մամուլում): XIX դ. 90-ական թթ. զինվորագրվել է հայդուկային շարժմանը, նախ՝ շարքային հայդուկ, ապա՝ տասնապետ, խմբապետ՝ Աբրոյի, Գուրգենի, Աղբյուր Սերոբի խմբերում: Զենք ձեռք բերելու, ազատագրական ուժերը համախմբելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Յալթայում. Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Ալեքսանդրապոլում, էջմիածնում, Երեվանում, Նախիջևանում, Թավրիզում, Սալմաստում: Համագործակցել է ազատագրական շարժման գործիչներ Հրայրի, Նիկոլ Գումանի, Մեծն Մուրադի հետ: Աղբյուր Սերոբի մահից (1899) հետո (որի մահվան վրեժը լուծել Է՝ սպանելով նրան սպանող Բշարե Խալիլին) Ա. Վասպուրականում և Սասունում գործող հայղուկային խմբերով մասնակցել է թուրք կանոնավոր գորքերի և քրդական հրոսակախմբերի ղեմ բազմաթիվ մարտերի, հանդես բերել անձնական արիություն և զորավարական հմտություն: Անդրանիկին մեծ համբավ են բերել Առաքելոց վանքի կռիվը (1901) և Աղթամարի կռիվը (1904), որոնց անդրադառնալով՝ եվրոպական և ռուսական մամուլը նշել են Անդրանիկի՝ թուրքական գերակշիռ ուժերի դեմ մղած հերոսական մարտերի մասին: 1904-ի վերջից Անդրանիկը դուրս Է եկել Արմ. Հայաստանից, եղել Իրանում, Բաքվում, Թիֆլիսում, հանդիպել տեղերում հայ հասարակական-քաղաքական շրջանների հետ, ապա հաստատվել ժնևում: Այստեղ հրատարակել Է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» (1906) կանոնագիրքը: 1907-ին տեղափոխվել է Բուլղարիա: Անդրանիկը ուշադիր հետևել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման զարգացմանը, հայ քաղաքական կուսակցությունների գործունեությանը, դեմ Էր երիտթուրքերի հետ դաշնակցականների մերձեցմանը, գտնում էր, որ յուրաքանչյուր այդպիսի քայլ հղի Է կործանարար հետևանքներով արևմտահայերի համար (այս տեսակետը նա արտահայտել է դաշնակցության IV համագումարում, 1907-ին, Վիեննայում), Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը եռանդագին մասնակցել է հայկական կամավորական վաշտի ձևավորմանը, որը հետագայում Նժդեհի (վաշտի պետն Էր) գլխավորությամբ (Անդրանիկ եղել Է վաշտի ավագը) մասնակցել Է թուրքական զորքերի դեմ մարտերին (տե՛ս Բալկանյան պատերազմներ 1912-13):

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Անդրանիկը մեկնել Է Թիֆլիս, նշանակվել հայկական կամավոր 1-ին ջոկատի հրամանատար, որը Կովկասյան ռազմաճակատի ռուսական բանակի կազմում աչքի Է ընկել Վանի, Բիթլիսի, Մուշի գրավման ժամանակ, Դիլմանի ճակատամարտում (1915, ապրիլ): Հետագայում, վրդովված հայկական կամավորական ջոկատների նկատմամբ ռուսական հրամա-նատարության անվստահությունից, 1916-ի մարտին Անդրանիկը հրաժարական Է տվել և հեռացել ռազմաճակատից: 1916-17-ին Թիֆլիսում և Հս. Կովկասում մեծ աշխատանք Է կատարել հայ գաղթականներին բազմակողմանի օգնություն կազմակերպելու գործում, մասնակցել արևմտահայերի I համագումարին (տե՛ս Արևմտահայերի համագումարներ 1917, 1919), նախաձեռնել «Հայաստան» (1917-18) թերթի հրատարակումը: 1918-ի հունվարին Էրզրումի ամրացված շրջանը թուրքական հարձակումից պաշտպանելու համար Անդրանիկը նշանակվել է նոր ձևավորված Հայկական բանակային կորպուսի երկրապահ դիվիզիայի հրամանատար: Նույն ամսին Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը Անդրանիկին շնորհել է գեներալ-մայորի կոչում: Կովկասյան ռազմաճակատի փլուզման, ռուսական զորքերի հեռանալու, թուրքական գերակշիռ ուժերի հարձակման պայմաններում Անդրանիկի դիվիզիան հարկադրված նահանջել է Կարս-Ալեքսանդրապոլ-Վորոնցովկա ուղղությամբ. դիրքավորվել Ջալալօղլիում՝ խնդիր ունենալով արգելել թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Երևան: Հունիսին Հայկական առանձին հարվածային ջոկատը (Անդրանիկը հրամանատար նշանակվեց ապրիլին) նահանջել է Դիլիջան-Սևան-Նոր Բայազետ-Սելիմի լեռնանցքով դեպի Ջուլֆա և Խոյ (Իրան)՝ Հս. Իրանում կուտակված հայ գաղթականներին, ինչպես նաև Վանի հայ բնակչությանը օգնելու նպատակով: Հանդիպելով թուրքական զորքերի դիմադրությանը՝ Անդրանիկի ջոկատը վերադարձել է Նախիջևան՝ այն հայտարարելով Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս. Անդրանիկը Բաքվի կոմունայի ղեկավար Ա. Շահումյանին հեռագրել է, որ իր ջոկատը դնում է Խորհրդային Ռուսաստանի կենտրոնական կառավարության տրամադրության տակ: Բարդ իրավիճակում Անդրանիկն անցել է Գորիս, ապա՝ Սիսիան, որտեղ տեղավորել է իր զորամասն ու նրա հետևից եկող հայ գաղթականներին: 1918-ի նոյեմբերին իր ջոկատով անցել է Ղարաբաղ՝ թուրքերից և մուսավաթականներից այն պաշտպանելու համար, բայց Կովկասում անգլիական հրամանատարության պահանջով (որը խոստանում էր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով) Անդրանիկը հետ է դարձել: Հուսախաբվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի քաղաքականությունից և գժտվելով Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ Անդրանիկը 1919-ի ապրիլին իր զորամասը բերել է էջմիածին, զորացրել այն, իսկ ինքն անցել արտասահման: Գտնվելով Ֆրանսիայում, ապա՝ Անգլիայում, Անդրանիկը ծրագրեր է մշակել Կիլիկիայի հայերի պայքարին օժանդակելու համար: 1922-ից ապրել է ԱՄՆ-ում, շարունակել օգնությունը սփյուռքահայերին, կոչ արել միավորել բոլոր հայերի ուժերը ժողովրդի բաղձալի նպատակներին հասնելու համար: Անդրանիկը մահացել է Չիկո կուրորտային վայրում, թաղվել Ֆրեզնոյում: 1928-ին Անդրանիկի աճյունը տեղափոխվել է Փարիզ, ամփոփվել Պեր Լաշեզ գերեզմանատանը:

Հայաստանի բազմաթիվ վայրերում Անդրանիկի անունով են կոչվում փողոցներ, հրապարակներ, նրա հիշատակին կանգնեցված են հուշարձաններ: Անդրանիկը հայ ժողովրդի ամենասիրված հերոսներից է, նրա մասին ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել:

Հ. Կարապետյան

Աղբյուրը՝

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.

Տե՛ս ավելին

Անդրանիկ «Մարտական հրահանգներ», ժնև. 1906 

«Անդրանիկի հուշերը», ժնև, 1935: 

«Զորավար Անդրանիկը կը խոսի», 2 հրտ, Լոս Անջելես. 1974

«Զորավար Անդրանիկի կովկասյան ճակատի պատմական օրագրությունը (1914-1917)», Բոստոն, 1924: 

Քաջունի Ե., «Անդրանիկի և հայկական առանձին հարվածող զորամասի հետ», Նյու Ջերսի, 1976: 

Ներսիսյան Մ., «ժողովրդական հերոսը (Զորավար Անդրանիկի ծննդյան 100-ամյակի առթիվ), Հայ ժողովրդի նոր պատմության էջերից», Ե., 1982: 

Չելեպյան Ա, «Զորավար Անդրանիկ», Միչիգան, 1988: 

Անդրանիկ Օզանյան, «Մատենագիտություն», Ե. 1989 

Андрник Озанян. Документы и материалы. ԲՀԱ. 1991, No 1-2.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Հեռ.` + 37410 55 42 82

Էլ-փոստ` info@armin.am, mh@armin.am © ԵՊՀ Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ